• Mon. May 13th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՌԴ-ն Բաքվի էներգետիկ նախաձեռնություններին ցուցաբերում է երկակի մոտեցում

ByEditor

Dec 29, 2022

«Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության խորացման հարցում։

Ուսումնասիրության մեջ ասված է, որ Հարավային գազային միջանցքով մատակարարվող եւ նախատեսվող տարեկան առավելագույնը 10 մլրդ մ³ գազը կազմում է ԵՄ սպառման ընդամենը 2,5%-ը, իսկ ՌԴ տարեկան միջին մատակարարումներից փոքր է ավելի քան 15 անգամ։

Հիմնադրամի ուսումնասիրությունը ներկայացնում ենք ստորեւ.

Ներկայում, երբ ԵՄ-ն զգալիորեն կրճատել է ՌԴ-ից ներմուծվող բնական գազի ծավալները, իսկ Եվրոպայում բնական գազի ցանկացած նոր, թեկուզ ոչ այնքան մեծ այլընտրանքային ռեսուրս կարող է էական ազդեցություն ունենալ շուկայի վրա, ՀԳՄ-ը, անշուշտ, հայտնվել է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ 2022թ․ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից դեպի ԵՄ եւ Մեծ Բրիտանիա բնական գազի մատակարարումները միայն 2 անգամ են գերազանցել ադրբեջանական մատակարարումների ընդհանուր ծավալը։

Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը ԵՄ-ին վաճառած բնական գազի դիմաց ստացել է շուրջ €5 մլրդ եկամուտ, ինչը գրեթե կրկնակի ավելի է 2021-ին ՌԴ-Ադրբեջան ամբողջ առեւտրաշրջանառությունից։

Արեւմուտք-ՌԴ հակամարտության համատեքստում Եվրոպայում բնական գազի հետ կապված ճգնաժամը Ռուսաստանի համար առաջին հերթին քաղաքական ենթատեքստ ունի, ուստի ցանկացած այլընտրանքային աղբյուր, որը լրացնում է ռուսական մատակարարումների կրճատման արդյունքում առաջացած պակասուրդը, ուղղակիորեն վնասում է ՌԴ շահերը։

Դեպի ԵՄ ռուսական էներգակիրների ուղիղ մատակարարման գրեթե բոլոր խողովակների սառեցումը Մոսկվային ստիպում են անուղղակիորեն եվրոպական շուկա սողոսկելու այլընտրանքային ուղիներ փնտրել, եւ ադրբեջանական ու թուրքական ենթակառուցվածքները կարող են այս տեսանկյունից օգտակար լինել։ Բացի այդ, ռուսական էներգետիկ հսկաները էական ներգրավվածություն ունեն Ադրբեջանի գազի արդյունահանման կարեւորագույն նախագծերում։ Այսպես, ռուսական «Լուկոյլը» հանդիսանում է Ադրբեջանում գազի արդյունահանման ամենախոշոր՝ «Շահ Դենիզ» նախագծի շուրջ 20%-ի բաժնետերը՝ զիջելով միայն նախագծի օպերատոր «Բրիթիշ Փեթրոլիում»-ին, որը վերահսկում է բաժնեմասերի շուրջ 30%-ը։ «Լուկոյլը» նաեւ տիրապետում է ՀԳՄ առաջին բաղադրիչի՝ Հարավկովկասյան գազատարի բաժնեմասերի 10%-ին։

Ռուսաստանը Բաքվի էներգետիկ նախաձեռնություններին ցուցաբերում է երկակի մոտեցում․ մի կողմից՝ մասնակցային մոտեցմամբ փորձում է դրանք իր համար որոշակիորեն վերահսկելի դարձնել, մյուս կողմից՝ զսպել այդ նախագծերի վերաճումը ռազմավարական այնպիսի մասշտաբների, որոնք կարող են մարտահրավեր նետել ՌԴ աշխարհաքաղաքական շահերին։

ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության խորացման հարցում Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարճաժամկետ հեռանկարում պետք է օգտվել եվրոպական շուկայից լրացուցիչ եկամուտներ ստանալու՝ ադրբեջանական սողանցքից, իսկ երկարաժամկետ հեռանկարում կանխել թուրք-ադրբեջանական նախագծերի աշխարհաքաղաքական անցանկալի հետեւանքները կամ սեփական մասնակցությամբ դրանք վերահսկելի դարձնել։

Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի համատեքստում ձգտում է բնական գազի միջազգային շուկայում ՕՊԵԿ-ին համարժեք կազմակերպություն ձեւավորել, որի առանցքում պետք է լինի Ռուսաստան-Իրան-Կատար համագործակցության նոր ձեւաչափի հիմնումը։

Էներգետիկ ոլորտում ՌԴ-Ադրբեջան հետագա համագործակցությունը կամ մրցակցությունը կախված կլինի նաեւ նրանից, թե արդյոք Ադրբեջանը համագործակցային մոտեցում կցուցաբերի ոլորտում ռուսական կողմի հնարավոր նախաձեռնություններում, թե հանդես կգա ավելի շատ դրանք խաթարելու՝ արեւմտյան շահերի սպասարկման դիրքերից։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում եւ ադրբեջանական գազի գործոնը» վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *